Ծնվել է հավանաբար 1412 թվականի հունվարի 6-ին՝ Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող Դոմրեմի գյուղում՝ աղքատ գյուղացիների ընտանիքում։ Օժտված էր սուր մտքով, ողջախոհությամբ և միաժամանակ է ոգևորելու ընդունակությամբ, սակայն կրթություն չի ստացել։ Մանկուց ականատես է եղել Հարյուրամյա պատերազմի ռազմական գործողություններին, քանի որ անգլիական և բուրգունդական զորքերը հաճախ էին ասպատակում Դոմրեմիի շուրջ ընկած տարածքները։ 13 տարեկանից Ժաննան լսել է «ձայներ» և տեսիլքներ է ունեցել, որոնցում նրան հայտնվում էին սրբեր և հրեշտակներ։ Մոլեռանդ կրոնապաշտ Ժաննա դ’Արկը հավատացել է, որ իրեն նախասահմանված է ազատագրել Ֆրանսիան։
Համաժողովրդական պատերազմի ծավալը և Ժաննա դ’Արկի լայն ժողովրդականությունը վախեցրել են թագավորին և ազնվականությանը։ Ժաննան շարունակել է ղեկավարել անգլիացիների դեմ ռազմական գործողությունները մինչև 1430 թվականի մայիսի 23-ը, երբ անգլիացիների դաշնակից բուրգունդացիները նրան գերի են վերցրել և հանձնել անգլիացիներին 10 հազար լիվր գումարի դիմաց։ Անգլիացիները մեղադրել են նրան վհուկության և հերետիկոսության մեջ։ Ռուան քաղաքում եկեղեցականներից կազմված ատյանը կանխատեսելի դատավճիռ է կայացրել. Ժաննա դ’Արկը մեղավոր է ճանաչվել՝ սկզբում դատապարտելով ցմահ բանտարկության, այնուհետև՝ մահապատժի։ 1431 թվականի մայիսի 30-ին նրան այրել են Ռուանի Հին շուկայի հրապարակում։ Մահապատիժը իրականացնողները երկու անգամ նորից են այրել արդեն մահացած մարմինը՝ չցանկանալով, որ նրա մարմնից մնացորդներ մնան ու մասունք դառնան։