Posted in Կենսաբանություն 8

Երկենցաղներ գորտի մասին

Գորտեր

Ապրում են ցամաքում, ջրերին մոտենում են միայն ձվադրման ժամանակ։ Բնակվում են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից և Ավստրալիայից։ Գորտերը և դոդոշները պատկանում են անպոչ երկկենցաղների կարգին և կազմում են առանձին ընտանիքներ։ Հայտնի է գորտերի 42 սեռի 245 տեսակ, ՀՀ-ում տարածված են լճագորտը և փոքրասիական գորտը։ Գորտերը լինում են տարբեր չափերի. մանրից (40–60 մմ) մինչև մեծերը՝ 200 մմ (գորտ-ցուլ), և ավելի խոշորները՝ 300 մմ (գորտ-գոլիաֆ)։ Մարմինը ծածկված է հարթ կամ թեթևակի բշտավոր մաշկով։ Հետին ոտքերը երկար են, ցատկող։ Գունավորումն առավելապես քողարկող է կամ մասնատված (բծավոր, զոլավոր)։ Լեզուն երկար է, ծայրը՝ երկատված, բերանի հատակին կպած է առաջային ծայրով։ Հանգիստ վիճակում լեզվի ազատ մասն ուղղված է ներս, իսկ որսին բռնելիս կարող է այն արագ դուրս նետվել բերանից։ Գորտերը սնվում են մանր որդերով, միջատներով, փափկամարմիններովհոդվածոտանիներով, երբեմն նաև մանր ողնաշարավորներով, շերեփուկները՝ դետրիտով, ջրիմուռներով և այլն։ Ջրամբարի հատակին դնում են ողկուզանման, խոշոր կլորավուն կույտերով ձուղպ՝ գորտնկիթ։ Ձմեռում են աշնան վերջից մինչև գարնան սկիզբը՝ ջրավազանի հատակի տիղմի մեջ թաղվելով կամ քարակույտերում և այլ թաքստոցներում։ Օգտակար են. ոչնչացնում են վնասատու միջատներին։ ՀՀ-ում լճագորտը տարածված է գրեթե բոլոր մարզերում, կանգուն և հոսող ջրավազանների ափամերձ գոտում՝ չոր ու շոգ նախալեռներից մինչև ցուրտ ու խոնավ լեռնային տարածքները։ Հաճախ պահվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է նաև գիտահետազոտական նպատակներով, միսը՝ որպես սնունդ։ Փոքրասիական գորտը տարածված է ՀՀ բոլոր (բացառությամբ Արմավիրի) մարզերում։ Բնակվում է հիմնականում հոսող ջրավազանների ափամերձ վայրերում։ Հաճախ պահվում է անազատ պայմաններում՝ որպես գեղազարդիչ տեսակ։ Օգտագործվում է նաև գիտահետազոտական նպատակներով։ Դոդոշների ընտանիքը միավորում է 21 սեռի ավելի քան 256 տեսակ։ ՀՀ-ում ամենուրեք տարածված է կանաչ դոդոշը։ Դոդոշները կարող են ապրել չորային պայմաններում, քանի որ, ի տարբերություն մյուս երկկենցաղների, նրանց մաշկը ավելի պակաս ջրաթափանց է և կարող է կորցնել մինչև 30% խոնավություն, որն անվնաս է օրգանիզմի համար։ Ուստի դոդոշները կարող են բնակվել Միջին Ասիայի, Արաբական երկրների և նույնիսկ Աֆրիկայի Սահարայի անապատներում, որտեղ տարեկան միջին տեղումների քանակը 7 մմ-ից չի անցնում։