Վարչական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետևանքները և ցանկացել դրանք, կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:
Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ են համարվում`
1) մեղավորի անկեղծ զղջումը.
2) իրավախախտման վնասակար հետևանքները մեղավորի կողմից կանխելը, պատճառած վնասը կամավոր հատուցելը կամ վերացնելը.
3) իրավախախտում կատարելը հոգեկան խիստ հուզմունքի ազդեցության տակ կամ էլ անձնական կամ ընտանեկան ծանր հանգամանքների զուգադիպությամբ.
4) իրավախախտում կատարելը անչափահասի կողմից.
5) իրավախախտում կատարելը հղի կնոջ կամ մինչև մեկ տարեկան երեխա ունեցող կնոջ կողմից:
ԽՍՀ Միության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող նաև այլ հանգամանքներ: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը լուծող մարմինը (պաշտոնատար անձը) կարող է մեղմացուցիչ համարել նաև այնպիսի հանգամանքներ, որոնք չեն նշված օրենսդրության մեջ: