
կենդանի օրգանիզմների ժառանգականության, կառուցվածքային և ֆունկցիոնալ միավոր։ «Գեն» տերմինը մտցվել է 1909 թվականին դանիացի բուսաբան Վիլհելմ Յոհանսենի կողմից։ Գենը իրենից ներկայացնում է ԴՆԹ-ի հատված, որը իր մեջ պարունակում է ինֆորմացիա սպիտակուցի առաջնային կառուվածքի կամ ֆունկցիոնալ ՌՆԹ-ների կառուցվածքի մասին։ Գեների տարբեր ալելները որոշում են կենդանի օրգանիզմների ժառանգական հատկանիշները, որոնք բազմացման միջոցով ծնողներից փոխանցվում են ժառանգներին։ Միտոքոնդրիումների և պլաստիդների մեջ գտնվող ԴՆԹ-ն իր հերթին որոշում է նրանց համապատասխան հատկանիշները և չի մտնում օրգանիզմի գենոմի կազմի մեջ (ցիտոպլազմային ժառանգականություն)։
Որոշ միաբջիջ օրգանիզմների մոտ գոյություն ունի մի պրոցես, որի ժամանակ տեղի է ունեում գեների հորիզոնական տեղափոխություն մի բջջից դեպի մյուս բջիջ և այն կապ չունի բազմացման հետ։
1865 թվականին ավստրիացի հոգևորական Գրեգոր Մենդելը հրապարակեց ոլոռի խաչասերման ժամանակ հատկանիշների ժառանգաբար փոխանցման օրինաչափությունների վերաբերյալ իր հետազոտությունների արդյունքները։ Մենդելը ցույց տվեց, որ որոշակի ժառանգական հատկանիշներ բազմացման ժամանակ չեն խառնվում, այլ ծնողներից հաջորդ սերունդներին փոխանցվում են դիսկրետ միավորների ձևով։ Նրա կողմից ձևակերպված՝ ժառանգականության մասին օրինաչափություններն ստացան Մենդելի օրենքներ անվանումը։ Կենդանության օրոք նրա աշխատանքները հայտնի չէին և արժանանում էին սուր քննադատության (քանի որ գիշերային գեղեցկուհու վրա կատարված նմանատիպ փորձերը չէին հաստատում Մենդելի ներկայացրած օրինաչափությունները)։ Հետագայում նշված օրինաչափությունները կոչվեցին Մենդելի օրենքներ։ Չնայած Մենդելը ոչինչ չգիտեր բջջում ժառանգական գործոնների տեղադրության, քիմիական բնույթի և որևէ հատկանիշի վրա ազդելու մեխանիզմի մասին, բայց այդ գործոնների՝ որպես ժառանգականության միավորների մասին ուսմունքը դարձավ գենի տեսության հիմքը, իսկ հատկանիշի ժառանգման գենետիկական վերլուծության մեթոդը՝ գենետիկի հիմնական մեթոդ։
20-րդ դարի սկզբներին Մենդելի օրենքները, որոնք անհասկանալի էին ժամանակակիցներին, «վերահայտնաբերեցին» մի շարք կենսաբաններ, որի համար գենետիկայի պաշտոնական սկզբնավորումը համարվում է 1900 թվականը, իսկ 1906-ին Բեյթսոնի առաջարկով ժառանգականությունը և փոփոխականությունն ուսումնասիրող գիտությունը կոչվեց գենետիկա։ Դեռ 1900-ականների սկզբում Հյուգո դը Ֆրիզը հաստատել էր, որ ժառանգական հատկանիշները փոխվում են թռիչքաձև, և առաջարկել էր մուտացիաների տեսությունը։ Հետագայում Մորգանը և ուրիշները ապացուցեցին, որ գեների հիմնական կրողները քրոմոսոմներն են, որոնք ձողիկանման (կամ թելանման) գոյացություններ են բջիջների կորիզներում, և գեները քրոմոսոմի վրա տեղադրված են գծային կարգով։