Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը ազգային տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին: Հայաստանից արտահանվող նյութերի առնվազն կեսը բաժին է ընկնում հանքային խտանյութերին և մետաղներին, որոնք երկրից արտահանվող արտադրանքների ցուցակում առավել կարևոր տեղ են զբաղեցնում:

Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված են հաստատված պաշարներով օգտակար հանածոների շուրջ 871 հանքավայրեր (43 մետաղական, 760 ոչ մետաղական, 44 ստորերկրյա քաղցրահամ և 24 հանքային ջրերի), ինչպես նաև օգտակար հանածոների 580 հանքերևակումներ (131 մետաղական և 449 ոչ մետաղական), օգտակար հանածոների ավելի քան 130 տեսակներ, որոնցից շուրջ 25-ը՝ մետաղական։
Հայաստանի Հանրապետության ընդերքը հարուստ է հետևյալ մետաղական օգտակար հանածոների տեսակներով` երկաթ, պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի, արծաթ, ծարիր, ալյումին, ինչպես նաև դրանցում պարփակված հազվագյուտ ու ցրված մետաղներով:
Մետաղական օգտակար հանածոների թվում առկա են 7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 24 ոսկու և ոսկի-բազմամետաղային, 2 բազմամետաղային, 1 մոլիբդենային, 1 ալյումինահանքային, 1 մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտի, 3 երկաթահանքային հանքավայրեր: Պետական հաշվեկշռում գրանցված հանքավայրերի հանքաքարերում, բացի հիմնական մետաղներից, բացահայտված է հազվադեպ և ցրված տարրերի առկայություն` ռենիում, սելեն, թելուր, կադմիում, ինդիմում, հելիում, թալիում, բիսմութ և այլն:
Ներկայումս Հայաստանի լեռնամետալուրգիական համալիրի համար վերջնական արտադրանքը հիմնականում խտանյութերն են (պղնձի, մոլիբդենի, ցինկի, որոշ դեպքերում` ոսկու և արծաթի բարձր պարունակությամբ, մոտ հեռանկարում` նաև կապարի խտանյութեր), ինչը թույլ չի տալիս ամբողջովին օգտագործել հանքավայրերի տնտեսական ներուժը: Հայաստանում արդյունահանվող մետաղական օգտակար հանածոների վերամշակման արտադրության կազմակերպումը փակ և ավարտուն ցիկլերով` հանույթից մինչև պատրաստի արտադրանքի ստեղծում, հնարավորություն կտա ստանալ բարձր արժողությամբ արտադրանքի, որն էլ կապահովի ՀՆԱ-ի աճ:Ոչ մետաղական հանքային պաշարների հարստությամբ ու բազմազանությամբ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում առաջատար տեղ է գրավում: Հանրապետության փոքրիկ տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի գրեթե բոլոր տեսակի հանքանյութային ապարները: Հատուկ արժեք ու նշանակություն ունեն Հայաստանի տարածքում հրաբխային պրոցեսների արդյունքում առաջացած լեռնային ապարները, որոնցից են թեթև ապարները` տուֆ, պեռլիտ, պեմզա, ցեոլիտ, հրաբխային խարամներ և այլն: Բազալտի, գրանիտի, նեֆելինային սիենիտի, մարմարի տարբեր տեսակների պաշարները մեծածավալ են:
