Արդարությունը դա հասարակագիտական կատեգորիա։ Բնորոշում է երևույթների այնպիսի վիճակ, որը համարվում է պատշաճ և համապատասխանում մարդու, մարդկային հանրության գոյության ու բնականոն զարգացման պահանջներին։ Արդարությունը ենթադրում է բարու և չարի այնպիսի առնչություն, որի հիմքում ընկած է հասարակության շահը և որը ճիշտ է, պատշաճ, բանական, բնականոն, բարոյական, գեղեցիկ։ Արդարությունը պահանջում է ներդաշնակություն ու համապատասխանություն տարբեր անհատների (դասակարգերի) իրավունքի և պարտականության, աշխատանքի և վարձատրման, հանցանքի և պատժի, ծառայության և հասարակական պարտքի միջև։ Այդ հարաբերությունների անհամապատասխանությունը գնահատվում է որպես անարդարություն։ Արդարության ելակետը, դրդապատճառը և նպատակը մարդն է։ Արդարությունը բացարձակ չէ, այն ունի կոնկրետ պատմական որոշակիություն և հասարակության զարգացման համեմատ հարաբերականորեն փոխվում Է։ Դասակարգային հասարակության մեջ արդարությունը կրում է դասակարգային բնույթ։ Արդարության տնտեսական հիմքը արտադրության միջոցների նկատմամբ մարդկանց ունեցած վերաբերմունքն է։

Արդարության գաղափարը
Մարդիկ միշտ ձգտել են հավասարության և արդարության, քանի որ դրանց ապահովումը լավ հասարակություն կառուցելու նախապայմանն է։ Արդարության գաղափարը եղել է բոլոր հասարակություններում։ Տարբեր ժամանակներում իշխանության ներկայացուցիչներն էլ դա հիմնական նպատակ են համարել կամ գոնե ի լուր աշխարհի հայտարարել են այդ մասին։ Արդարության գաղափարի հիմքում ընկած է արդարացի, անաչառ լինելը։ Մասնագետների կարծիքով յուրաքանչյուրը, այդ թվում՝ փոքր երեխան, ունի արդարության բնածին զգացողություն, պահանջարկ։ Երբ փոքր երեխան վրդովված ճչում է, նա որոշակի «անարդարության» մասին է հայտնում։ Հին Հունական իմաստասերներն արդարության գաղափարը դիտարկել են ազնվության և հավասարության գաղափարների հետ միասին։ Նրանք արդարությունը նույնացրել են ճշմարտացիության, ներդաշնակության և առաքինության հետ։ Քաղաքացուց ակնկալվել է, որ իր գործողությունների կամ հասարակական տարբեր խնդիրների քննարկման ու լուծման ժամանակ նա միշտ մտածի ներդաշնակ պայմանների, արդար և առաքինի գործողությունների մասին։