Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք։

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։

զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր է Երևանում։ Այն բացվել է 1967 թվականին, 1965 թվականի բազմահազարանոց ցույցերից հետո, որոնք նվիրված էին հայ մտավորականների մասսայական սպանդի 50-ամյակին, որից հետո սկսվեց Հայոց ցեղասպանությունը ։ Հայաստանի անկախությունից հետո Ծիծեռնակաբերդը դարձավ պաշտոնական արարողությունների վայր։ Դրանից հետո գրեթե բոլոր պաշտոնյաները, ովքեր պաշտոնական այցով գտնվում են Հայաստանում, այցելում են հուշահամալիր` իրենց տուրքը մատուցելու զոհերի հիշատակին[3]։: Ծիծեռնակաբերդի այցելուները նաև այցելում են հուշահամալիրի թանգարան։ Շատ նշանավոր այցելուներ ծառ են տնկել հուշահամալիրում։
Հուշահամալիր են այցելել բազմաթիվ քաղաքական գործիչներ, դերասաններ, երաժիշտներ, մարզիկներ և հոգևոր այրեր։ Նրանցից ամենանշանավորն էին Ռուսաստանի նախագահները (Բորիս Ելցին, Վլադիմիր Պուտին, Դմիտրի Մեդվեդև), Ֆրանսիայի նախագահները (Ժակ Շիրակ, Նիկոլա Սարկոզի, Ֆրանսուա Օլանդ), Ուկրաինայի, Հունաստանի, Լեհաստանի, Վրաստանի, Իրանի, Բելառուսի, Ռումինիայի, Լիբանանի, Խորվաթիայի և Սերբիայի նախագահները, Բուլղարիայի, Չեխիայի և այլ երկրների վարչապետները։ Բազմաթիվ երկրների արտաքին գործերի նախարարները (ներառյալ ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և շատ բարձրաստիճան պաշտոնյաներ Եվրամիությունից` ներառյալ Խոսե Մանուել Բարոզոն և Հերման Վան Ռոմպույ) իրենց հարգանքի տուրքն են մատուցել հուշահամալիրում։ Մյուս այցելուների թվում էին Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը 2001 թվականին, Իսրայելի գլխավոր Ռաբբի Յոնա Մեցգեր, Անգլիայի գլխավոր հոգևորական Ռովան Վիլյամսը, Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլ I-ը, Աշխարհի շախմատի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաևը, անգլիացի ռոք աստղ Յան Գիլլանը, Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան, ֆրանսիացի դերասաններ Ժերար Դեպարդիեն և Ալեն Դելոնը, ամերիկացի դերասան Ջորջ Քլունին, Ֆիզիկայի բնագավառում նոբելյան մրցանակակիր Ժորես Ալֆերովը և այլք։