Ճապոնիան կղզեխմբային ինքնիշխան միապետություն Արևելյան Ասիա տարածաշրջանում։ Տեղակայված է Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափին՝ զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արևելյան ծովափը։ Երկրի սահմանները ձգվում են Օխոտի ծովից մինչև Արևելաչինական ծովը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հարավը։
Ըստ չինական և ճապոնական գաղափարագրերի (հանձի ՝ ճապ.՝ kanji), հիերոգլիֆ)` Ճապոնիա անունը նշանակում է «արևի ծագում» կամ «ծագող արևի երկիր»։ Ճապոնիան կազմված է մոտ 6,852 հրաբխային ծագման կղզիներից։ Առավել խոշոր չորս կղզիներն են Հոնսյուն, Հոկայդոն, Սիկուկուն և Կյուսուն, որոնք զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի մոտ իննսունյոթ տոկոսը։ Պետությունը կազմված է 47 պրեֆեկտուրաներից, 8 շրջաններից։ Հոկայդոն հյուսիսային պրեֆեկտուրան է, իսկ Օկինավան՝ հարավային։ Բնակչության թվաքանակով աշխարհում տասներորդն է՝ մոտ 126,475,955 մլն մարդ։ Բնակչության կազմը միատարր է․ ճապոնացիները կազմում են Ճապոնիայի ամբողջ բնակչության 98.5 %-ը։ Մայրաքաղաքի՝ Տոկիոյի բնակչությունը կազմում է մոտ 8,7 մլն մարդ։


Հնագիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ճապոնիայի տարածքը բնակեցվել է սկսած վերին պալեոլիթից։ Ճապոնիայի մասին առաջին հիշատակությունները հանդիպում են չինական պատմական տեքստերում, որնոք վերագրվում են առաջին դարին։ Ճապոնիան անցել է երկարատաև մեկուսացվածության շրջան՝ չհարաբերվելով Չինաստանի և Արևմտյան Եվրոպայի հետ։
Սկսած 12-րդ դարից՝ Ճապոնիան ղեկավարվել է զինվորական-ավատատեր սյոգունների կողմից, ովքեր ենթարկվում էին կայսրին։
17-րդ դարի սկզբից սկսած՝ Ճապոնիան թևակոխել է երկրատև մեկուսացավածության շրջան, որն ավարտվել է 1853 թվականին, երբ ԱՄՆ-ն ստիպեց Ճապոնիային «բացել» սահմաններն Արևմուտքի համար։ Մոտավորապես երկու տասնամյակ տևողությամբ ապստամբությունների և խռովությունների արդյունքում 1868 թվականին արքունիքը կարողացավ վերականգնել Ճապոնիայի կայսեր քաղաքական դիրքը՝ Չոշյու, Սացումա և այլ տոհմերի աջակցությամբ։
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին չին-ճապոնական առաջին պատերազմում, ռուս-ճապոնական պատերազմում և Առաջին համաշխարհային պատերազմում Ճապոնիան ձգտում էր ընդլայնել կայսրության սահմանները։ 1937 թվականին սկսվեց չին-ճապոնական երկրորդ պատերազմը։ Ռազմական գործողությունները շարունակվեցին նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, որոնք ավարտվեց 1941 թվականին, երբ ատոմային ռումբերով ռմբակոծվեցին ճապոնական Հիրոսիմա, Նագասակի քաղաքները։ Ճապոնիայն ենթարկվեց կապիտուլյացիայի։
Դաշնակից ուժերի կողմից Ճապոնիայի օկուպացման ընթացքում 1947 թվականի մայիսի 3-ին կատարվել են սահմանադրական փոփոխություններ, որոնք պահպանվել են․ Ճապոնիան շարունակում է մնալ միատար սահմանադրական միապետություն, որն ունի կայսր և ընտրովի օրենսդիր մարմին (Ճապոնիայի Խորհրդարան)։
Ճապոնիան, լինելով զարգացած պետություններից մեկը, անդամակցում է ՄԱԿ-ին, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը, «Մեծ յոթնյակ»-ին, «Մեծ քսանյակ»-ին։
Պետությունը աշխարհում երրորդն է ՀՆԱ-ի անվանական ցուցանիշով և չորրորդը՝ ըստ գնողունակության համարժեքության։ Այն նաև աշխարհի չորրորդ խոշորագույն ներկրողն է և արտահանողը։ Ճապոնիան աչքի է ընկնում որակյալ աշխատանքային ռեսուրսներով, բնակչության բարձր կրթական ցենզով, որն աշխարհում առաջատարներից մեկն է՝ ըստ բնակչության ընդհանուր թվաքանակում բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիների բարձր մասնաբաժնի։ Չնայած Ճապոնիան պաշտոնապես հրաժարվել էր պատերազմ հայտարարելու իր իրավունքից, այն աշխարհում ութերորդն է ռազմական բյուջեի մեծությամբ, որն օգտագործում է ինքնապաշտպանության և խաղաղության պահպանման նպատակով։

Ճապոնիան զարգացած պետություն է, որն ունի մարդկային զարգացման համաթվի բարձր ցուցանիշ։ Նա առաջինն է բնակչության կյանքի միջին տևողության ցուցանիշով և երրորդը՝ մանկական մահացության ցածր ցուցանիշով։ Ներկայումս աշխարհին Ճապոնիան ներկայանում է որպես ժամանակակից տեխնոլոգիաների և գիտական նվաճումների առաջատարներից մեկը։