Գևորգ Չաուշը եղել է այնպիսի հայտնի ֆիդայիների զինակիցը, որոնցից են Արաբոն, Դժոխք Հրայրը, Աղբյուր Սերոբը, Անդրանիկը: Առաջին անգամ աչքի է ընկել Սասունի 1891-1893 թվականների ինքնապաշտպանական կռիվներին։

Կռվում աչքի է ընկել իր մարտավարությամբ և կազմակերպչական ձիրքով։ Դա է վկայում Բերդակ գյուղում բազմաթիվ թշնամու դեմ ընդամենը 4 հայդուկով մղված մարտի տակտիկան։ Երկուսը կրակում էին, իսկ մյուս երկուսը նահանջում։ Քիչ անց ֆիդայիները մյուս զույգն էր սկսում կռվել, իսկ նախորդները նահանջում էին։ Ֆիդայիներն այդպիսով նահանջում են շուրջ 20 կմ և հասնում Ծիր-Կատար[2]։
Գևորգ Չաուշը Անդրանիկի հետ միասին վրեժ է լուծել Աղբյուր Սերոբի մահվան համար։ Սերոբի մահից հետո շատերն առաջարկում էին, որ Գևորգը գլխավորի ֆիդայիներին, բայց Գևորգն համեստ մարդ լինելով իր տեղը զիջում է Անդրանիկին։
Չաուշի ամենահայտնի մարտերից մեկը Առաքելոց վանքի կռիվն է, որը կազմակերպել էր Անդրանիկը։ Գևորգն անձամբ ղեկավարել է Իշխանաձոր գյուղի պաշտպանությունը և այնտեղ ունեցել է ֆիդայիների ջոկատ։ Թուրքական կառավարությունը ստիպված է եղել սասունցիներին ուշադրության կենտրոնում պահելու համար այդ գյուղում զորանոց կառուցել[3]։
Գևորգը գտնում էր, որ պետք էր դաշնակից լինել քրդերի հետ։ Դրա համար էլ նա մեծ հարգանք է վայելել քրդերի մոտ։ Բացի այդ Չաուշը դաժանաբար պատժում էր այն քրդերին, ովքեր թալանում էին հայ գյուղացու ինչքը։
Եղել է միակ ֆիդային, ով, բոլոր ֆիդայական օրենքներին հակառակ, ամուսնացել է։