Ականջ, լսողության և հավասարակշռության օրգան, որի միջոցով ընկալվում են ձայնային ազդանշանները և այնպիսի գրգիռներ, որոնք առաջանում են մարմնի դիրքի փոփոխության ժամանակ։ Կաթնասունների ականջների կառուցվածքը գրեթե միանման է։ Չնայած սողունները, երկկենցաղները և թռչունները նույնպես օժտված են գերազանց լսողությամբ, սակայն նրանց լսողության օրգանների կառուցվածքը տարբեր է։ Որոշ միջատների լսողության օրգանները տեղադրված են մարմնի կամ վերջույթների վրա։
Լսողությունը կարևոր դեր ունի մարդու կյանքում։ Լսողությունը և խոսքը կազմում են մարդկանց փոխհարաբերությունների հիմքը, առանց որի անհնար կլիներ հաղորդակցվել աշխատանքային գործունեության ընթացքում և հասարակական կյանքում։ Լսողությամբ մարդն ընկալում է տարբեր ձայներ, որոնք ազդարարում են շրջապատող միջավայրում կատարվող իրադարձությունները. անտառի խշշոցը, ծովի ձայնը, թռչունների դայլայլը, և աշխարհի մասին մեր ընկալումը դառնում է ավելի պարզ և հարուստ։ Լսողության կորուստը կարող է առաջացնել փոփոխություններ մարդու վարքագծում։Մարդու լսողության օրգանը կազմված է երեք բաժիններից՝ արտաքին, միջին և ներքին ականջից։
Արտաքին ականջ
Արտաքին ականջը ներառում է ականջախեցին և լսողական արտաքին անցուղին։
Խեցին մաշկով պատված աճառային թիթեղ է, որի միայն ականջաբլթակ կոչվող մասն է աճառազուրկ։ Շատ կենդանիների ականջախեցին շարժուն է և օգնում է որսալ նույնիսկ ամենացածր ձայնը։
Մարդկանց ականջախեցին ձայնային տատանումները հաղորդում է լսողության արտաքին անցուղուն, որն ունի 3 սմ երկարություն, պատված է մաշկով, որն ունի մազեր և ականջածծումբ արտադրող ճարպագեղձեր։ Այդ գեղձերի արտազատուկն ունի պաշտպանական նշանակություն (բնական պայմաններում չորանալով՝ ծամելիս, խոսելիս և այլն աստիճանաբար ինքնուրույն դուրս է գալիս), սակայն ավելցուկը կարող է խցանել լսողական անցուղին՝ առաջացնելով ականջի ծծմբախցան։
Արտաքին լսողական անցուղին լայն է, բայց մոտավորապես կենտրոնում բավականին նեղանում է և դառնում նեղուցանման։ Դա պետք է նկատի ունենալ ականջի օտար մարմինները հեռացնելիս։ Արտաքին լսողական անցուղու առջևի պատը սահմանակից է ստորին ծնոտի հոդին, ուստի դրա բորբոքման ժամանակ բերանը բացելիս ականջը ցավում է։ Արտաքին լսողական անցուղուց ներքև հարականջային թքագեղձն է։
Արտաքին լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը միջին ականջը սահմանազատում է արտաքինից։
Միջին ականջ
Միջին ականջը օդակիր խոռոչների և խորշիկների համակարգ է, որը տեղավորված է քունքոսկրի հաստության մեջ։ Միջին ականջում գտնվում են լսողական ոսկրիկները՝ մուրճը, սալը, ասպանդակը, որոնք թմբկաթաղանթի տատանումները հաղորդում են ներքին ականջին։
Միջին ականջի խոռոչը լսողական (եվստախյան) փողով հաղորդակցվում է քթըմպանի հետ։ Լսողական փողով թմբկաթաղանթի մեջ օդ է մտնում, որի շնորհիվ թմբկաթաղանթի վրա ընկնող ճնշումը հավասարվում է արտաքին լսանցքի ճնշմանը։ Եթե թաղանթի երկու կողմերում ճնշումների տարբերությունը մեծ է, թաղանթը կարող է պատռվել։ Խորհուրդ է տրվում պայթյունի, հրաձգության դեպքում բերանը բացել, որպեսզի լսողական փողով օդն անցնի թմբկախոռոչ և թմբկաթաղանթի երկու կողմերում ճնշումները հավասարվեն։ Միջին ականջը ներքին ականջից բաժանող թիթեղում գտնվում են նուրբ թաղանթով ձգված երկու պատուհան՝ կլոր և ձվաձև։
Ներքին ականջ
Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի բրգի հաստության մեջ և իրենից ներկայացնում է հեղուկով լցված խոռոչների և գալարուն խողովակների համակարգ՝ ոսկրային լաբիրինթոս։ Ներքին ականջը բաղկացած է անդաստակից, խխունջից և 2 պարկիկներով 3 կիսաշրջանաձև խողովակներից (հավասարակշռության օրգան)։ Խխունջը պարուրաձև ոսկրային խողովակ է, որի պարույրների թիվը մարդու մոտ 2,5 է։ Խխունջում տեղակայված են լսողական ընկալիչներ՝ մազակազմ էպիթելային բջիջներ, որոնց միջոցով ականջախեցին, լսողական անցուղին, թմբկաթաղանթը և լսողական ոսկրիկները փոխանցում են ձայնային ալիքները։ Այնուհետև ձայնային գրգիռները, վերափոխվելով նյարդային գրգիռների, լսողական նյարդով (բաղկացած ձայնազգաց բջիջների ելուստներից) հաղորդվում են գլխուղեղի կեղև, որտեղ տեղի է ունենում ձայների բարձրագույն վերլուծություն՝ լսողության զգացողություն։
Մարդու ականջն ընկալում է միայն 16-ից մինչև 20000 հց հաճախության տատանումներ՝ չնայած որոշ պայմաններում նաև գերձայնային հաճախությունները։ Քանի որ ձայնն արագ և բարձր է հասնում այն ականջին, որն ավելի մոտ է ձայնի աղբյուրին, ուստի հեշտ է որոշել դրա ուղղությունը։